Սպիտակ տունը մշակել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հարկադիր պաշտոնանկության ծրագիր: Նրա հարաբերությունները նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված են և նրան կփոխարինի ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն` գուցե առաջիկա շաբաթներին` ինչպես հինգշաբթի հայտարարել են վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները` հաղորդում է The New York Times-ը: Սպիտակ տան ծրագրով` Մայք Պոմպեոյին ԿՀՎ-ում գուցե կփոխարինի սենատոր Թոմ Կոտոնը` հանրապետական Արկանզասից և նախագահի առանցքային կողմնակից ազգային անվտանգության հարցերում: Կոտոնը հասկացրել է, որ կհամաձայնի, եթե իրեն առաջարկեն այդ պաշտոնը` վկայել են պաշտոնյաները` անանունության պայմանով: Նրանց խոսքով` Թրամփը դեռ չի հաստատել նախագահի աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի մշակած ծրագիրը, բայց չի սիրում Թիլերսոնին և պատրաստ է պետդեպարտամենտում փոփոխություններին: Թրամփը կտրուկ է արտահայտվել Թիլերսոնի մասին իր օգնականների ներկայությամբ, բայց դեռ չի ցանկանում նրան փոխարինել: Թրամփը և Թիլերսոնը տարաձայնություններ ունեն բազում կարևոր հարցերում` ներառյալ Իրանի միջուկային գործարքը, Հյուսիսային Կորեայի կոնֆլիկտը և արաբ դաշնակիցների միջև բախումները: Պետքարտուղարը մասնավոր զրույցում նախագահին հիմար է անվանել, իսկ նախագահը հրապարակավ քննադատել է նրան Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական երկխոսության ապարդյուն փորձի համար: Թիլերսոնի փոխարինումը Պոմպեոյով կարող է կտրուկ փոփոխություններ հարուցել: Թիլերսոնը համարվում է չափավոր գործիչ, նախկին կոնգրեսական Պոմպեոն կարող է առավել ագրեսիվ լինել Իրանի, Հյուսիսային Կորեայի և այլ առանցքային հարցերում:
Հինգշաբթի օրը Սպիտակ տունը որևէ քայլ չձեռնարկեց, որ ցրի տպավորությունը, թե Թիլերսոնի պաշտոնավարման օրերը հաշված են: Երկուշաբթի ծրագրված է Թիլերսոնի այցը Եվրոպա` Բրյուսելում նա կբանակցի ՆԱՏՕ-ի գործընկերների հետ, կմեկնի Ստոկհոլմ, Վիեննա ու Փարիզ: Հարցին, թե ինչպե՞ս կարող է պետքարտուղարը շարունակել դիվանագիտական աշխատանքը, երբ նրա դրությունն այդքան անորոշ է, Նոյերտը պատասխանել է. «Միստր Թիլերսոնն այն մարդը չէ, ում այդքան հեշտ է խոցել»: Թիլերսոնի պաշտոնանկության մասին մի քանի ամիս խոսվում է, բայց նրա գործընկերները ասում են, որ նա մտադիր է տարին ավարտել իր պաշտոնում` առավելագույնս արժանապատվությունը պահպանելով: Տարեվերջին պաշտոնանկությունը նրա պաշտոնավարությունը կդարձնի ռեկորդային կարճ վերջին 120 տարում: Թիլերսոնի վիճակի վատանալն ակնհայտ է` դատելով Քելլիի դերից անցումային շրջանի ծրագրի մշակման մեջ: Սպիտակ տան աշխատակիցների խոսքով` թեպետ Քելլին փորձում էր ամռանը Թիլերսոնին պահել իր պաշտոնում, որ ապահովվի ժառանգականությունը, այդ ժամանակից աշխատակազմի ղեկավարը հոգնել է պետքարտուղարության ու Սպիտակ տան մշտական պայքարից կադրային հարցերում: Սպիտակ տան օգնականներն ասել են նախագահի նշանակած մի շարք մարդկանց, որ Թիլերսոնի դարաշրջանն ավարտվում է: Թիլերսոնի նշանակումն ի սկզբանե փորձ էր` նախկինում երբեք պետքարտուղար չի եղել` առանց կառավարությունում, քաղաքականության մեջ կամ զինված ուժերում աշխատանքային փորձի: Թրամփը շեշտադրում էր, որ Թիլերսոնը կարող է միջազգային դիվանագիտության մեջ օգտագործել իր 40-ամյա աշխատանքային փորձը Exxon Mobil-ում: Բայց Թիլերսոնն ու Թրամփը ավելի հաճախ տարբեր էջերում են:
Պիտեր ԲԵՅՔԵՐ, Մեգի ԽԵԲԵՐՄԵՆ, Գարդիներ ՀԱՐԻՍ, The New York Times
Հ.Գ. Դևիդ Իգնատիուսը The Washington Post-ում գրում է, որ Թիլերսոնի անկումը կարող է պետդեպարտամենտը վերածել «գիշանգղների բնի»: Նախագահ Թրամփի ու պետքարտուղար Թիլերսոնի «անհաջող ամուսնությունը» մոտենում է ավարտին` հավանաբար երկուսի համար էլ` ցանկալի: Հարց է, թե ազգային անվտանգության ոլորտում նոր թիմը, որ ակնհայտորեն ձևավորվում է, ինչպե՞ս կփոխի ԱՄՆ քաղաքականությունը: Վարչակազմի արտաքին քաղաքականության թիմի կայունությունը առաջվա պես ապահովում է պաշտպանության նախարար Ջիմ Մետիսը` այդ «խարիսխը» հավասարակշռում է մրցակցող տեսակետները: Սակայն առագաստանավերն ավելի շատ են, ուրեմն շարժումը լինելու է ավելի արագ ու վտանգավոր: Հավանաբար` փոփոխությունները կհանգեն ուժի օգտագործման ավելի մեծ պատրաստակամությանը, որ կուժեղացնի անհանգստությունը երկրի ներսում ու արտասահմանում Հյուսիսային Կորեայի ու Իրանի հետ հնարավոր կոնֆլիկտի հարցում: Համառ ու հավակնոտ Մայք Պոմպեոն, որ հավանաբար կգլխավորի պետդեպարտամենտը, Թիլերսոնի հակապատկերն է: Նա բռնկուն է այնտեղ, որտեղ Թիլերսոնը զուսպ է, սրամիտ այնտեղ, որտեղ Թիլերսոնը լուռ է: Նա շատ ավելի շփվող է Թիլերսոնից և գուցե շատ ավելի հաջող բացատրի Կոնգրեսին, հասարակությանն ու ԱՄՆ դաշնակիցներին իր դիվանագիտությունը, քան Թիլերսոնը, ում բացահայտ դուր չի գալիս իր աշխատանքը: Կլինի ավելի ակտիվ, ագրեսիվ, էքստրավերտ արտաքին քաղաքականություն: Պոմպեոն լավ է անում այն, ինչ չի հաջողվում Թիլերսոնին: Նրան հավատում է նախագահը, նա խոսում է վստահ ու հաստատուն ձայնով, որով ուզում է խոսել Թրամփը: Որքա՞ն մեծ կլինեն արմատական փոփոխությունները քաղաքականության մեջ: Դժվար է կանխատեսել: Մետիսն ու Թիլերսոնը համախոհներ էին քաղաքական խնդիրների մեծ մասում, հատկապես Հյուսիսային Կորեայի հարցում: Նրանք հզոր, միասնական ճակատ էին, հիմա ուժային առանցքը կարող է տեղաշարժվել Թրամփի ու Պոմպեոյի համախոհության պատճառով: ԱՄՆ-ի դաշնակիցները, հավանաբար, կանհանգստանան: Թիլերսոնը նրանց դուր էր գալիս, առանցքային դաշնակիցները նրան վստահում էին, համարելով, որ նա վերահսկում է պոռթկուն Թրամփին: «Գիշանգղների» սպասելի գերակայությունը չի նշանակում, որ անպայման կոնֆլիկտներ են լինելու, բայց Փխենյանն ու Թեհրանը պետք է հասկանան, որ Վաշինգտոնը իր հանդուրժողականությունը վերագնահատում է ռիսկի օգտին:
Ինչպես և սպասվում էր` պաշտպանության նախարար Ջիմ Մետիսը հերքում է Թիլերսոնի պաշտոնանկության մամուլի պնդումները: Հոկտեմբերի սկզբին, NBC հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով Թիլերսոնը ցանկանում է հրաժարական տալ: Պետքարտուղարը հերքել էր, ասելով, թե նախկինի պես հավատարիմ է նախագահին և պատրաստ է իրականացնել նրա քաղաքականությունը: Նույնը կպնդի՞ նա` վերադառնալով Եվրոպայից: Թրամփը կգրի Թվիթերում: Սպասեք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ